Հոգեհանգիստ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Վարդան ավագ քահանա Գասպարյանը (ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ):

Սուրբ Պատարագի արարողության ավարտին Երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի մոտ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ երանաշնորհ Հայրապետի:

Այս առիթով քարոզ խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը` անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը: «Երանելի էր Գարեգին Ա երջանկահիշատակ Հայրապետը, որ երկար տարիներ ծառայեց Սփյուռքում եւ իր փառապանծ կյանքն ավարտեց Մայր Հայրենիքում` ծառայելով որպես Հայ Եկեղեցու առաջին սպասավոր` Ամենայն Հայոց Կաթողիկոս: Մենք, որպես քրիստոնյաներ, հիշելով նրան այսօր` չենք տխրում: Արդարեւ, մարմինն այդ, որ այս սրբազան տաճարի կողքին հանգչում է խաղաղության մեջ, հոգեւոր առումով մեզ տխրություն չի պատճառում: Սակայն մենք կարոտում ենք նրա մաքուր եւ ազնիվ քրիստոնեական ոգուն, որ հեռացավ մեզանից: Ափսոսում ենք, որովհետեւ այլեւս պատմություն է նրա ոգեշնչող, ուսուցանող, ազնվացնող եւ իմաստնացնող անձը` որպես մեծ ուսուցիչ», - նշեց Հայր Սուրբն իր քարոզի մեջ: